Հայոց բանակի կազմաւորման 25-ամեակին նւիրւած իրանահայ Գարնանային 29-րդ խաղերի հանդիսաւոր բացումը տեղի ունեցաւ կիրակի՝ մարտի 19-ի ժամը 19:30-ին, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում: Հանդիսութիւնը իրենց ներկայութեամբ պատւել էին Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը, Շահինշահրի հայ համայնքի հոգեւոր տեսուչ՝ Տ. Անանիա ծ. վրդ. Գուճանեանը, ԻԻ խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը, ազգային մարմինների ու միութիւնների ներկայացուցիչները, Հայ Դատի շրջանիս յանձնախմբի անդամները, հոգեւորականաց դասը, Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ԳԷորգ Վարդանը, Սպահանի մարմնակրթութեան եւ քաղաքային խորհուրդների ներկայացուցիչները, Միութեան արտօնատէրեր՝ Թաթուլ Օհանեանը եւ Այլին Մելիքեանը, միութենականները եւ հոծ բազմութիւն:

Խաղերը պաշտօնապէս բացւած յայտարարեց երեկոյի հանդիսավարուհի՝ Մանիա Ղուկասեանը, ով հանդէս եկաւ հայերէն եւ պարսկերէն լեզուներով ողջոյնի եւ բացման խօսքով: Յաջորդիւ միութեան Սկաուտական միաւորի Արի-Արենուշական եւ Երէց հատւածների ներկայացուցիչների մասնակցութեամբ կատարւեց դրօշակի արարողութիւն եւ ներկաների յոտնկայս ունկնդրութեամբ հնչեց Իրանի Իսլ. Հանրապետութեան օրհներգը, ապա տեղի ունեցաւ մարզական պատւիրակութիւնների խանդավառութեամբ լեցուն տողանցք-շքերթը` մասնակցութեամբ Հայաստանի Գիւմրի քաղաքի, Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան (Հ.Մ.Ա.Կ), Թաւրիզի եւ Ուրմիայի Հ.Մ.Ա.Կ.-ի մասնաճիւղերի, Հայ Ուս. «Չհարմահալ» միութեան, Հայ Մ. Մ. «Սարդարապատ» միութեան, Հայ Մ. Մ. «Րաֆֆի» համալիրի, Նոր Ջուղայի «Սեւան» մարզական միութեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան եւ Շահինշահրի մասնաճիւղի մարզական խմբերի, որից յետոյ մարզական փառատօնի առթիւ ողջոյնի խօսքով ելոյթ ունեցաւ կազմակերպիչ միութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ Մասիս Մինասեանը, ով ողջունելով բոլորի ներկայութիւնը, մեծ պատիւ եւ ոգեւորութեան առիթ համարեց՝ «Արարատ» միութեան յարկի ներքոյ հիւրընկալելու հայրենիքի եւ իրանահայ մարզական պատւիրակութիւններին եւ նրանց ներկայութեամբ ու միասնական ջանքերով մարզական փառատօն անց կացնելու կարեւոր հանգամանքը: Պրն. Մինասեանը ակնարկ կատարեց նաեւ խաղերի նւիրւածութեանը, որով վերարժեւորւելու է հայոց բանակի 25-ամեայ ուղին: Նա մարզիկ-ուհիներին մաղթեց յաջողութիւն եւ մեծ յաղթանակների նւաճում: Յաջորդիւ Սպահանի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը հանդէս եկաւ հայրական պատգամով: Հայր Սուրբը բարձր գնահատելով իրանահայ 29-րդ Գարնանային խաղերի կազմակերպումը, իր ուրախութիւնը յայտնեց՝ խաղերը Հայոց բանակի կազմաւորման 25-ամեակին նւիրելու կապակցութեամբ, ինչպէս նաեւ Հայաստանի Գիւմրի քաղաքից եւ իրանահայ երեք թեմերից մարզական պատւիրակութիւնների հիւրընկալութեան առիթով՝ այն համարելով փոխադարձ սիրոյ ու յարգանքի դրսեւորում, նշելով, որ հայրենիքից ժամանած մարզիկների ներկայութիւնը, մեր մէջ սփռում է հայրենիքի համն ու բոյրը եւ տալիս հարազատ հայրենիքի մէջ գտնւելու ջերմ զգացողութիւնը: Այս ուրախ մտածումներով ու զգացմունքներով մարզիկներին յորդորեց մրցադաշտ իջնել մարզական վեհ հոգով եւ ունենալ առողջ մրցակցութիւն, նաեւ նրանց մաղթեց յաջողութիւն եւ մեծ յաղթանակների նւաճում:

Ողջոյնի խօսքերի շարանում, պարսկերէն լեզւով ելոյթ ունեցաւ Իրանի իսլ. Խորհրդարանում Սպահանի եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ժորժիկ Աբրահամեանը: Նա ողջունելով պարսիկ հրաւիրեալների ներկայութիւնը, շնորհաւորեց նրանց արեգակնային տարեմուտի եւ իրանական Նովռուզ տօնի կապակցութեամբ, առանձնապէս շնորհակալական խօսք ուղղեց այն պարսիկ բարեկամներին, ովքեր իրենց համագործակցութեամբ միշտ նպաստել են միութեան աշխատանքների իրագործման եւ սահուն ընթանալու գործին: Շարունակութեան մէջ նշելով հասարակութեան բոլոր խաւերի, ի մասնաւորի երիտասարդութեան մօտ մարզական կեանքի զարգացման կարեւորութիւնը, իր ուրախութիւնը յայտնեց, որ Իրանում եւս Սպորտի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութիւնը այդ ուղղութեամբ ծրագրեր է մշակում եւ իրականացնում: Պրն. Աբրահամեանը, առաւել քան 60 տարիների աշխոյժ կեանք վարող «Արարատ» միութիւնը համարեց բացառիկ երեւոյթ եւ ուրախութեան առիթ, առ այն, որ այսօր 29-րդ անգամը լինելով բնութեան զարթօնքի հետ միասին իրանահայութեան մարզական կեանքը եւս առաւել աշխոյժ ընթացք է ընդունել եւ իր խօսքը աւարտեց բարեմաղթանքներով՝ ուղղւած կազմակերպիչներին, մարզիկ-ուհիներին, մարզիչներին ու պատասխանատուներին:

Խաղերի բացման առիթով շնորհաւորանք–ուղերձով ողջունել էին նաեւ Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան՝ Արտաշէս Թումանեանը, Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տ. Սեպուհ արք. Սարգսեանը եւ Ատրպատականի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ. Գրիգոր եպս. Չիֆթճեանը:

Մինչ ջահակիր խմբի մուտքը դահլիճ, հանդիսատեսը տեսանիւթի միջոցով հաղորդակից դարձաւ մարտի 17-ին կայացած՝ Ս. Ամենափրկիչ վանքի շրջափակում վեր խոյացած Հայոց ցեղասպանութեան Ս. նահատակների յիշատակը յաւերժացնող յուշարձանի կրակով ջահավառութեան արարողութեանը, որը ներկայութեամբ ազգային իշխանութեան ներկայացուցիչների, միութեան Կենտրոնական եւ Մարզական միաւորի վարչութիւնների վառել էր Տ. Սիփան ծ. վրդ. Քէչէճեանը եւ այն օրհնելուց յետոյ յանձնել ջահակիր խմբին, ովքեր վազքով ջահը փոխադրել էին միութեան կենտրոնատեղի:

Ծրագրի ամենասպասւած եւ խանդավառութեամբ լեցուն պահը ջահակիր խմբի մուտքն էր դահլիճ, որոնց միջոցով բերւած խաղերի ջահով բոցավառւեց իրանահայ Գարնանային 29-րդ խաղերի խորհրդանշական կրակը: Այս շրջանի խաղերի գլխաւոր ջահակիր լինելու պատիւը տրւած էր Մարմնամարզութեան մարզաճիւղում, երկրի մակարդակում եւ Հայաստանում փայլուն յաջողութիւններ արձանագրած Մանուկ եւ Մայիս Թորոսեան եղբայրներին. ջահակիր խմբին մաս էին կազմում նաեւ շնորհալի բասկետբոլիստուհիներ՝ Մանէ Յովսէփեանը եւ Մինելի Ղազարեանը: Խորհրդանշական կրակը վառելուց յետոյ՝ մարզիկների եւ իրաւարար կազմի ներկայացուցիչների՝ Գալիա Դիլանչեանի եւ Լուսինէ Ասատրեանի միջոցով կատարւեց երդման կարգը:

Դահլիճում ստեղծւած յուզիչ եւ միաժամանակ խանդավառ ու ուրախութեամբ լեցուն պահը առաւել խանդավառեցին միութեան Սկաուտական միաւորի միջոցով իրականացւած ցուցական աշխատանքը եւ Մշակութային միաւորի գեղարւեստական յայտագիրը, ինչը սկսւեց Հայոց բանակին նւիրւած՝ Նոր Ջուղայի վերջին 10 տարիների անւանի մարզիկ-ուհիների մասնակցութեամբ պատրաստւած Հայոց բանակի հիմնի՝ «Երազ իմ երկիր» տեսահոլովակի երգեցողութեամբ եւ շարունակւեց «Կռունկ» պարախմբերի կատարմամբ՝ «Փրեգոմէշ», «Վերվերի» եւ ազգագրական պարերի շարանով: Ընթացքում երգերի կատարումներով հանդէս եկան համայնքի սիրւած երգիչ՝ Կարէն Օհանեանը եւ Ս. Ամենափրկիչ վանքի «Կոմիտաս» երգչախմբի մեներգչուհիներ՝ Վանա Շիրւանեանը եւ Թանիա Մինասեանը, որոնց ընկերակցում էր «Անի» նւագախումբը: Կատարումները ընդմիջւում էին օրւան համահունչ բանաստեղծական կտորների կատարումներով՝ հանդիսավարուհուհու միջոցով: Գեղարւեստական բաժնի ղեկավարներն էին Ռիմա Սիմոնեանը եւ Կարին Տէր Մարտիրոսեանը, պարուսոյց՝ Նունէ Մկրտչեանը, «Կոմիտաս» երգչախմբի ղեկավար՝ Արմէն Ամիրխանեանը եւ նւագախմբի ղեկավար` Արին Խաչիկեանը: Երեկոն ամփոփւեց «Մենք ենք մեր սարերը» երգի ոգեշնչող կատարումով:

Բացման հանդիսութեան աւարտին տեղի ունեցաւ համեստ հիւրասիրութիւն հրաւիրեալների ներկայութեամ, ուր հնչեցին արտայայտութիւններ եւ մաղթանքներ:

Մարտի 19-ից-24-ը ծաւալւող մրցութիւնները կայացան ֆուտբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս եւ թեթեւ ատլետ մարզաձեւերում:

Թւականիս մարտի 24-ի երեկոյեան, Նոր Ջուղայի Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան մարզասրահում, տեղի ունեցաւ իրանահայ Գարնանային 29-րդ խաղերի փակման հանդիսութիւնը:

Ծրագրի սկզբում հաղորդավարուհին խաղերի կազմակերպիչների անունից շնորհակալական խօսքեր ուղղեց բոլոր նրանց, որոնց համագործակցութեան շնորհիւ իր յաջող աւարտին հասաւ այս շրջանի խաղերը, յաղթող խմբերին շնորհւեց վկայագրեր, մեդալներ ու գաւաթներ եւ ֆուտբոլի ամենաշատ գոլը արձանագրած մարզիկները պարգեւատրւեցին «Ոսկեայ կօշիկ» յատուկ մրցանակով: Մրցանակները յանձնեցին Սպահանի հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ՝ Տ. Սիփան ծ. վրդ Քէչէճեանը, միութեան արտօնատէրեր՝ Թաթուլ Օհանեանը եւ Այլին Մելիքեանը, Կենտրոնական եւ Մարզական միաւորի վարչութիւնների անդամները, խաղերի աշխատանքները համակարգող եւ Ֆուտբոլի յանձնախմբերի ներկայացուցիչները:

Մեդալաբախշման աւարտին՝ հոծ բազմութեան խրախուսանքների ներքոյ պայքարեցին եզրափակիչ փուլ անցած Հ.Մ.Ա.Կ.-ի եւ Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան տղայոց երէց բասկետբոլի խմբերը. արդիւնքում 60-57 հաշւով մրցադաշտից յաղթող դուրս եկաւ հիւրընկալ միութեան թիմը:

Նշելի է, որ hինգօրեայ մարզական փառատօնը իրականացւեց Նոր Ջուղայի Հայ մարզա-մշակութային «Արարատ» միութեան Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ կազմակերպիչ յանձնախմբի, միութեան Երէցների, Մշակութային, Մարզական, Սկաուտական եւ Ուսանողական միաւորների, Կարգապահական կազմի, Ֆուտբոլի յանձնախմբի ու անհատ-միութենականների անշահախնդիր համագործակցութեամբ: 

 
 Ն.  Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան
 թղթակից Երանուշ Թահմազեան
 Լուսանկարները՝ Գեւիկ Խաչատրեանի